«Եվրասիա» ԲՀԿ–ի հրավերքով կրթահամալիրի ավագ դպրոցի մարզիկ սովորողների մի խմբով փետրվարի 16–ին մասնակցեցինք «ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ 2019» մարզամշակութային միջոցառմանը, որը տեղի ունեցավ Ապարանի Լուսագյուղ գյուղում, որտեղ առաջին անգամ անցկացվում էր Ձնամարտի Հայաստանի առաջնությունը։ Ձմեռային մարզական խաղերը կրթահամալիրում լայն տարածում գտան ու վաղուց մոռացված սահնակը, դահուկը դարձան մեր ճամփորդությունների անբաժան մասը: Հրավերը տեսնելուն պես ճամփա ընկանք: Մեր սովորողները մասնակցեցին դահուկավազքի, բազկամարտի մրցաշարերին. Արեն Պողոսյանը բազկամարտի մրցաշարում գրանցեց մեկ հաղթանակ, իսկ Ջահանգիրյան Էդուարդը հաղթահարեց դահուկավազքի երկար տարածությունը: Ամենահետաքրքիր առաջնությունը, որը մեզ մոտ շատ մեծ ոգևորություն առաջացրեց դեռ առջևում էր. դա Ձնամարտի առաջնությունն էր, որին մենք նախօրոք գրանցվեցինք։ Խաղի կանոններն էին յոթ խաղացող մեկ մարզիչ, խաղի նպատակն էր հակառակորդ թիմի դրոշը հատակին գցել, իսկ ընթացքում եթե ձնագնդիով հարվածեն և ձնագնդին կպնի խաղացողին, նա խաղից դուրս է գալիս։ Շատ լավ էր կազմակերպած, հավեսով մասնակցեցինք ու մեծ ոգևորությամբ վերադարձանք:
Ճամփորդությունից հետո ձեռք բերեցինք նոր փորձ՝ ձմեռային մարզական նոր խաղեր, որոնք հաջորդիվ կկազմակերպենք Արատեսում:  Շնորհակալություն ենք հայտնում «Եվրասիա» հասարակական կազմակերպությանը՝ մեզ աջակցելու և նման հնարավորություն ընձեռնելու համար: